ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դիտակ Թիֆլիսի-1

Դիտակ Թիֆլիսի-1
15.12.2017 | 12:47

Բոլոր ժամանակներում եղել են, կան ու կլինեն հերոսներ և «հերոսներ»: Երբ ինչ-ինչ պատճառներով ժողովուրդը չի նկատում, չի գնահատում իր իսկական, խոնարհ, անծպտուն հերոսներին, ջրի երես են դուրս գալիս հակահերոսներ, որովհետև ժողովուրդը չի կարող ապրել առանց որևէ հերոսի:
Այս հրապարակումը մի համեստ հերոսի ու մի ղաչաղ «հերոսի» մասին է: Փոխադրեք նրանց մեր օրեր և ինքներդ զուգահեռներ անցկացրեք:

ՆԵՐՍԻՍՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ «ՀՐԵՇՏԱԿԸ»
Այդ մարդուն Թիֆլիսում բոլորը ճանաչում էին: Բայց ոչ ոք չէր հիշում ազգանունը, որովհետև ովքեր գիտեին` վաղուց չկային: Եվ այդ պատճառով մեծից փոքր նրան պարզապես անվանում էին պարոն Գրիգոր: Անպատճառ` պարոն, և դա զուտ սովորական դիմելաձև չէր, դա անկեղծ հարգանքի դրսևորում էր: Ո՞րն էր պատճառը:
Չգիտեմ ընթերցողն ինչպես, բայց ինձ վիճակվել է հանդիպել մարդկանց, ովքեր ամբողջ կյանքում աշխատել են միևնույն վայրում: Չեմ հասկացել նրանց` ճակատագրի հետ հաշտվածությու՞ն էր, քչով բավարարվելու՞, որևէ բան չփոխելու ցանկությու՞ն, թե՞… Ճիշտ այդպիսի մարդ էր պարոն Գրիգորը:
Ծնվել էր Ղազախի Վերին Աղդան (այժմ` Գանձաքար, Իջևանի մոտ) գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում ու մանկուց մնացել երկկողմանի որբ: Նրան պատահաբար տեսնում է հարուստ բարերար Բ. Ամիրաղյանը, տանում Թիֆլիս ու տալիս Ներսիսյան դպրոց, որպես որդեգիր աշակերտ: Էդ էր ու էդ, Գրիգոր Տեր-Հարությունյանն ավարտում է ու մնում դպրոցում, սկզբում որպես հայոց լեզվի ուսուցիչ, ապա` վերակացու, այսօրվա ըմբռնումով` կարգուկանոնին հետևող կամ տնտեսական գծով փոխտնօրեն: Եվ այդպես` 58 տարի: Աշակերտների սերունդների փոփոխության հետ ազգանունն աստիճանաբար մոռացվում է, մնում է պարոն Գրիգորը, որը նույնացվում էր դպրոցի հետ: Ավելին, տասնամյակների ընթացքում փոփոխվում են հոգաբարձուները, տեսուչները, բայց մնում է պարոն Գրիգորը ոչ միայն իր բացառիկ պարտաճանաչության, դպրոցին նվիրվածության, այլև այն պատճառով, որ Ներսիսյան ճեմարանի կենդանի խորհրդանիշն էր, «հրեշտակը»:
Թիֆլիսի թերթերից մեկը գրեց. «Հարիւրավոր չար աշակերտների նա խելօքացրել է, հարիւրավոր ծոյլերի յառաջադիմութեան ճանապարհի վրայ է դրել, բազմաթիւ կարիքաւորներին և աղքատներին նպաստել և խնամել է իր միջոցներով: Իր անձի և ապրուստի վերաբերութեամբ չափազանց խնայող, իսկ ուրիշների, կարօտաւորների համար առատաձեռն: Եւ իր նպատակներն ու օգնութիւններն Գրիգոր Տէր-Յարութիւնեանը այն ձևով էր կատարում, որ նպաստ ստացողները չէին կարծում, որ նա այդ նպաստները իր սեփականութիւնիցն է տալիս»:


Մի անգամ հունիսին, Եղիշե ավագ քահանա Գեղամյանցի կինն ու երեք զավակները հանկարծակի հիվանդանում են, և կարիք է առաջանում նրանց անհապաղ օդափոխության ուղարկելու: ՈՒսուցիչների խնայողական դրամարկղից խոստանում են 150 ռ. փոխարինաբար տալ, և երեկոյան պարոն Գրիգորը փողը բերում է: Մեկ ամիս անց նույն պարոն Գրիգորը գալիս է քահանայի տուն և ասում, թե «Մեղու Հայաստանի» թերթի Ղազախի գործակալն իրեն 50 ռուբլի է ուղարկել, որպեսզի դրանով գնի Ե. Գեղամյանցի «Գինեդև» վեպի 100 օրինակ: Անսպասելի հաջողությունից ուրախացած հեղինակը փողը վերցնում է և գրքերը հանձնում: Պարոն Գրիգորն ապրում էր «Մեղու Հայաստանի» թերթի խմբագրատան ներքնահարկում: Աշնանը Թիֆլիսում հորդ անձրևներ են տեղում, Քուռն ափերից դուրս է գալիս և հեղեղում քաղաքը, այդ թվում և` պարոն Գրիգորի կացարանը: Ե. Գեղամյանցը խմբագրության ծառային ուղարկում է դպրանոց` վերակացուի հետևից, բայց ծառան գալիս ու հայտնում է, թե պարոն Գրիգորը կտրականապես հրաժարվում է գալ, որովհետև մինչև երեկոյան 8-ը հերթապահ էր: Ե. Գեղամյանցը ծառային նորից է ուղարկում, թե` թող գոնե բանալին տա: Ծառան բանալին բերում է, սենյակի դուռը բացում են ու ջրի մեջ ճփճփացող հագուստը, սպասքը, սեղան-աթոռ և այլ իրեր դուրս բերում: Այդ ժամանակ Ե. Գեղամյանցը տեսնում է գրասեղանի վրա դարսված իր 100 օրինակ գրքերը: Հաջորդ օրը պարոն Գրիգորը, ի պատասխան Ե. Գեղամյանցի հարցմունքի, բացատրում է, թե Ղազախ գնացող համագյուղացին սեպտեմբերի վերջերին է մեկնելու, իսկ մինչ այդ խնդրել է, որ գրքերը մնան իր մոտ:


Տարիներ են անցնում: Թեմական տեսչի պաշտոնով Ե. Գեղամյանցը շրջում է Ղազախի գյուղերով, պատահաբար հանդիպում է թերթի գործակալին ու տեղեկանում, որ նա ոչ փող է ուղարկել, ոչ էլ գիրք ուզել, իսկ վեպի անունն էլ առաջին անգամ է լսում…
Կյանքի վերջին մեկ-երկու տարիներին, երբ ծերությունը զգալ էր տալիս, տեղաշարժվելը դժվարացել, պարոն Գրիգորին հորդորում էին հանգստի անցնել: Բայց ամեն անգամ պատասխանում էր. «ՈՒզում եք ինձ կենդանի թաղե՞լ, մահովս աշխարհը ոչինչ չի կորցնի, բայց հանգստի անցնելու իրավունք չունեմ, որովհետև դպրոցն իմ հարազատ ծնողն է եղել, ես որբ էի, և դպրոցն ինձ վերածնեց, սնեց, մեծացրեց, մարդ դարձրեց, միով բանիվ` կյանք պարգևեց, ես էլ պարտավոր եմ իր տված կյանքն իրեն վերադարձնել»:
Պարոն Գրիգորը վախճանվեց 1913 թ. սեպտեմբերի 7-ին, 83 տարեկան հասակում, իսկ հուղարկավորությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին: Ներկա էին թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, Ներսիսյան դպրանոցի տեսուչ Հ. Խունունցը և աշակերտությունը, Վանքի ավագ եկեղեցու, Սբ Սարգիս և Սբ Գևորգ եկեղեցիների ծխական դպրոցների մանկավարժները, աշակերտները, ծնողներ, նախկին սաներ:
Պարոն Գրիգորին հողին հանձնեցին Խոջիվանքում, Ղազարոս Աղայանի շիրմի կողքին:
Գրիգոր Տեր-Հարությունյանն իր կյանքով ապացուցեց, որ փողը, դիրքը, կոչումներն ու շքանշանները աղերս չունեն մարդկային հարգանքի ու երախտագիտության հետ:


«ԽԵԼԱԳԱՐ ԿԱՄՈՆ»
Թիֆլիսի նախկին քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանի այս հուշագրությունը` «Քաղաքապետի մը յիշատակները» վերնագրով, առաջին անգամ տպագրվել է 1932 թ. «Հայրենիք» ամսագրում: Ներկայացվող հատվածը Կամոյի` Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանի (1882-1922) մասին է: Մի մարդու, ով պարզապես ավազակ էր, ահաբեկիչ, բայց ում մասին գրքեր գրվեցին, ֆիլմեր նկարահանվեցին, անվանակոչվեցին շրջան, քաղաք, փողոցներ ու դպրոցներ: Մենք տասնամյակներ շարունակ ապրեցինք այսպիսի շինծու հերոսի շվաքի ներքո…
«1907 թվականին էր, երբ աչքիս առաջ տեղի ունեցավ 200 հազար ռուբլու կողոպուտը: Պետերբուրգից` պետական գանձարանից, Թիֆլիս էին ուղարկել 200 հազար ռուբլի (այլ տվյալներով 250 հազար ռ., որը ներկա հաշվարկով հավասար է շուրջ 5 մլն դոլարի-Խ.Դ.), որը պիտի մուտք լիներ պետական բանկ: Բոլշևիկները գիտեին փոխադրման ճիշտ ժամը և որոշել էին կողոպտել ամբողջ գումարը:
Գործը նախապատրաստված էր ամենայն հմտությամբ ու գաղտնապահությամբ: Կենտրոնական կոմիտեի անդամներից շատերն անգամ տեղեկություն չունեին այդ մասին: Ծրագիրը պատրաստել էր ինքը` Լենինը, իսկ գործադրումը հանձնարարված էր Տեր-Պետրոսյանին, որի կեղծանունը Կամո էր: Կամոյի ընտանիքին ճանաչում եմ անձամբ: Իր քույրը` նույնպես բոլշևիկ, պաշտոնավարում էր քաղաքային վարչությունում, հիվանդ աղջիկ էր, որ մեռավ թոքախտից:


Քաղաքային վարչության իմ առանձնասենյակում աշխատում էի: Ժամը 12-ին պետական գանձարանից դուրս է գալիս գանձապահը, նստում կառք և ոտքերի տակ դնում մի պարկ, որի մեջ գտնվում էր 200 հազար ռուբլի գումար: Առջևից ու հետևից կառքն ուղեկցում էին ձիավոր կոզակները: Երբ կառքն անցնում է Երևանյան հրապարակը (այժմ` Ազատության հրապարակ- Խ. Դ.) և թեքվում Սոլոլակյան փողոց, իշխան Սումբաթովին պատկանող անկյունի տան տանիքից մի ռումբ է նետվում կառքի մեջ: Երեք ռումբեր էլ նետվում են կոզակների վրա (զոհվում են 2 ոստիկան, 3 կազակ, վիրավորվում 11 հոգի – Խ. Դ.):
Պայթյունն այնքան ուժեղ էր, որ առանձնասենյակիս ապակիները կոտրվեցին:
Օգտվելով խառնաշփոթ իրավիճակից, բոլշևիկները գանձապահից խլում են փողի պարկն ու անհետանում:


Ինչպես հետագայում հայտնի դարձավ, Տեր-Պետրոսյանը դրամի պարկով պատսպարվում է մոտակա տներից մեկում և մի քանի օր անց հաջողացնում Ռուսաստանից անցնել Ֆինլանդիա` զեկուցելու Լենինին և հանձնելու փողը:
Փարիզում Լիտվինովը (ծնյալ Մեյեր-Գենոխ Մոյիսեյի Վալախ- Խ. Դ.), որ այսօր Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործոց նախարարն է և Ժնևի զինաթափման համաժողովում գլխավորում է խորհրդային պատվիրակությունը, աշխատում է կողոպտված փողը մանրել և այդ պատճառով ձերբակալվում:
Տեր-Պետրոսյանը, Միրսկի կեղծանունով, Բեռլինում ու Փարիզում զենքեր գնեց բոլշևիկների համար ու փոխադրեց Ռուսաստան, սակայն Բեռլինում ձերբակալվեց ու որպեսզի խուսափի Ռուսաստանին հանձնվելուց, իրեն խենթ ձևացրեց: Բեռլինի լավագույն հոգեբույժները զննությունից հետո անգամ չկարողացան երևան հանել կեղծիքը: Գերմանացիները որոշեցին Տեր-Պետրոսյանին հանձնել ռուսներին, որպես խենթի: Ռուսները պայմանն ընդունեցին ու Տեր-Պետրոսյանին տեղափոխեցին Թիֆլիսի հոգեբուժարան, ուր երկու հոգեբույժներ` Օրբելին ու Չուվնովսկին, շարունակեցին հսկողություն իրականացնել: Տեր-Պետրոսյանի քույրն ինձ խնդրեց բժիշկներից իմանալ եղբոր «հիվանդության» մասին: Բժիշկներն ինձ ասացին, թե կասկածում են Տեր-Պետրոսյանի խենթության իսկությանը: Տեր-Պետրոսյանը ձևանում էր այնպիսի խենթ, որ խցում մենակ մնալով ուտում էր սեփական աղտոտությունները, գիտնալով, որ իրեն գաղտնաբար հետևում են:


Մինչ այդ, Թիֆլիսի բոլշևիկները կարողացել էին բժշկի օգնականի միջոցով կապ հաստատել Կամոյի հետ: ՈՒղարկել էին մի ձեռք հագուստեղեն ու երկար պարան` Տեր-Պետրոսյանին հնարավորություն տալով զգեստափոխվելու, լուսամուտը կոտրելով դուրս գալու խցից, կախվելով իջնելու Քռի ափ, անցնելու Վերայի կամրջով ու անհետանալու: Ոտքի հանվեց ամբողջ ոստիկանությունը, բայց ապարդյուն: Բանտարկվեց Կամոյի քույրը, որից որևէ տեղեկություն չկարողացան ստանալ:
Հետագայում Տեր-Պետրոսյանը նորից եկավ Թիֆլիս ու կազմակերպեց փոստի կողոպուտը: Գործը վերջացնելուց հետո եկավ քաղաքային վարչություն, որպես անմեղ մեկը, ապա կրկին աննկատ կերպով անհետացավ:
Տեր-Պետրոսյանը, ի վերջո, իշխանության կողմից ձերբակալվեց, դատվեց և աքսորվեց Սիբիր: 1917-ին ազատվելով` եկավ Թիֆլիս ու մեռավ ընկնելով ավտոմոբիլի տակ (անճշտություն է, Կամոն հեծանվով բախվել է ավտոմեքենային և ստացած գլխուղեղային վնասվածքից մահացել- Խ. Դ.): Ստալինի հրամանով ավտոմոբիլի վարորդն անմիջապես գնդակահարվեց»:

ՔԱՂԱՔԻ ՔՐԵԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ
1910 թ. հուլիսի 14-ին ցերեկվա ժ. 12-ին բժիշկ Եփրեմ Աղամալյանին հրավիրում են հիվանդի մոտ ու սպանում` գլուխը կտրելով: Մարդասպաններն էին նորապսակները` 19-ամյա Արշակ և 17-ամյա Թամար Մարտիրոսյանները, որոնք ոճիրը կատարել էին վրեժխնդրությունից, Թամարի` բժշկի կողմից անարգված պատվի համար:
1910 թ. նոյեմբերին զինվորական դատարանը կախաղանի դատապարտեց 1-ին գիմնազիայի ուսուցիչ Տրոիցկու սպանությունը կատարողին` աշակերտ Շալվա Թավդկիրիձեին:
1910 թ. նոյեմբերին Թիֆլիսի դատական պալատն արդարացրեց Ջգրաշենի ծխատեր Արշակ քահանա Մինասյանին, որին ծխականներից մեկը խաբել էր և ուրիշի երեխային կնքել տվել որպես իր զավակի: Պատասխանատվության ենթարկվեց խաբված ծխականը:


1913 թ. բարերար Շիոևի ժառանգները դատ բացեցին քաղաքային վարչության դեմ, պահանջելով վերադարձնել կտակած մեծարժեք կալվածքները: Հայցը հիմնավորել էին այն բանով, որ 34 տարվա ընթացքում կտակը չէր գործադրվել, այնինչ դրանով հայ ուսանողներ պիտի ուղարկվեին արտասահման` սովորելու:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4297

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ